1869 թ. սեպտեմբերի 26-ը մեծն Կոմիտասի ծննդյան օրն է: Հայ երաժշտության վերածնունդը կապվում է հենց նրա անվան հետ: Կոմիտասը շունչ տվեց մեր ազգային երաժշտությանը, մաքրեց այն, ամրացրեց արմատները, ինչի շնորհիվ վերընձյուղվեցին այդ ակունքներին հավատարիմ հայ անվանի երաժիշտների նորօրյա ստեղծագործությունները:
Երևի պատահական չէր, որ Կոմիտասի ծննդից ավելի քան մեկ դար անց` 2015 թ. սեպտեմբերի 26-ին, ստեղծվեց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների «Նշխարք» վոկալ անսամբլը: Անսամբլը կազմված է ութ հոգուց. ութ նվիրյալ, ութ հայ ու մեկ նպատակ` միավորել երիտասարդ երաժիշտներին և ներկայացնել վոկալ արվեստը, դրանով իսկ մեծապես նպաստելով հայ երգարվեստի, ինչպես նաև արտասահմանյան վոկալ անսամբլային ստեղծագործությունների լուսաբանմանը: «Նշխարք» վոկալ անսամբլի գործունեության առաջին քայլերը կատարվել են հոգևոր հովիվ, տեր Պետրոս քահանայի օրհնությամբ:
2015 թ. դեկտեմբերի 26-ին Կամերային երաժշտության տանը երգեհոնային համերգների շրջանակում տեղի է ունեցել անսամբլի առաջին ելույթը: Դրան հաջորդել է Գյումրու «Վերածնունդ» միջազգային ութերորդ փառատոնը, որտեղ «Նշխարքը» արժանացել է Մեծ մրցանակի (Grand prize): Համագործակցել են հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ, որի արդյունքում մասնակցել են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ֆ. Լիստի ծննդյան 205-ամյակին նվիրված համերգին և նույն համերգասրահում 2016 թ. հունիսի 15-ին ունեցել առաջին մենահամերգը: 2016 թ. հունիսի 28-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած երեկոյան ժամերգությանը «Նշխարքը» առաջին անգամ ներկայացել է Մ. Մաշտոցի «Լույս փառաց», Ն. Շնորհալու Սբ Վարդանանց շարական՝ «Նորահրաշ», Մ. Այրիվանցու «Սիրտ իմ սասանի», Կոմիտաս Վարդապետի «Քրիստոս Պատարագեալ» և «Գովեա Երուսաղեմ» ստեղծագործություններով:
2017 թ. մարտի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Նշխարքի» երկրորդ մենահամերգը: Հնչեցին հայ ժամանակակից կոմպոզիտորների (Ե. Երկանյան, Ս. Ալեքսանյան, Դ. Հալաջյան) ստեղծագործություններ: «Մենահամերգը կարելի է անվանել համերգ-ուսուցում, մեծ պատիվ էր տեսնել, թե ինչպես են կոմպոզիտորները լսում իրենց ստեղծագործությունները մեր կատարմամբ»,- իր տպավորությունն է հայտնում երգչուհի Վարդ Կարապետյանը: Ինչպես նշում է անսամբլի գեղարվեստական ղեկավար Հեղինե Օհանյանը, կային ստեղծագործություններ, որոնք հնչում էին առաջին անգամ:
Բացի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, «Նշխարքի» երգացանկում են նաև Ս. Ռախմանինովի, Պ. Չայկովսկու, Օ. Լասսոյի, Ֆ. Պուլենկի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Լիստի, Ն. Գոյմանի ստեղծագործությունները: Ընդամենը մեկուկես տարում մի խումբ հայ նվիրյալներ ապացուցեցին, որ հնարավոր է արվեստը դարձնել պայքարող զենք, իսկ հնչյունների թվացյալ փխրունությունը՝ ուժ:
Մարիամ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ